Չինաստանում մատուցողները դանակներով և փայտերով հարձակվել են սպասարկումից դժգոհող զբոսաշրջիկների վրա

16:47 • 07.02.17

Չինական Լիցզյան քաղաքում մատուցողները դանակներով և փայտերով հարձակվել են ութ զբոսաշրջիկի վրա, որոնք բողոքել են սպասարկումից: Այս մասին հաղորդում է Global Times թերթը:

Աղբյուրի հաղորդմամբ` զբոսաշրջիկները դժգոհություն են հայտնել, երբ մատուցողները չեն բերել իրենց պատվիրած սոյայի կաթը, և խնդրել են շտապել:

Ի պատասխան այցելուների բողոքի` ռեստորանի աշխատակիցները սկսել են սպառնալ, որ բռնություն կգործադրեն նրանց նկատմամբ, ինչպես նաև հրամայել են «վերցնել ուտելիքն ու հեռանալ»: Այդ ժամանակ զբոսաշրջիկները ոստիկանություն են կանչել, որը փորձել է հաշտեցնել կողմերին:

Նշվում է, որ իրավապահների հեռանալուն պես մատուցողները դանակներով և փայտերով հարձակվել են այցելուների վրա, ինչի հետևանքով վերջիններս ստիպված են եղել փրկվել փախուստի միջոցով:

Ավելի ուշ հարձակվողներից հինգը դատապարտվել են 10-15 օր ժամկետով վարչական կալանքի: