Ադրբեջանը և Ուկրաինան պայմանավորվել են իրենց երկիր չթողնել Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքները
Ադրբեջանը և Ուկրաինան պայմանավորվել են իրենց երկիր չթողնել Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքները: Այդ մասին «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
Բաքու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցի ժամանակ երկու պետությունների ղեկավարները հանձնարարել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանդիպել և քննարկել այդ տարածքներից ստացվող ապրանքները ներս թողնելու հարցը:
Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մեխանիզմ մշակել, որի համաձայն այդ տարածքներից ապրանքները կարող են մատակարարվել միայն այն դեպքում, եթե դրանք արտոնել է Կիևը կամ Բաքուն, հայտնել է Միշչենկոն:
Նշվում է, որ մեխանիզմը սկսել է գործել անմիջապես այն բանից հետո, երբ նախագահները տվել են հանձնարարականները:
«Այստեղ հարկավոր չէ ստորագրել ինչ-որ միջպետական համաձայնագիր: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են մաքսային կառույցների ղեկավարները»,- հավելել է դեսպանը:










