Եթե Փաստաբանների պալատը հակակշռող մեխանիզմի կարիք ունենա, ուրեմն դա համայնք չէ, բազմություն է. Արա Ղազարյան
Այսօր կազմակերպվեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների փետրվարի 11-ին ընտրությանն առաջադրված թեկնածուների բանավեճ-քննարկումը, որը վարում էր փաստաբան Գառնիկ Թուխտարյանը: Խորհրդի անդամի 39-ը թեկնածուներից քննարկմանը ներկայացել էր 21 թեկնածու:
Փաստաբանների խորհրդի անդամ և թեկնածու Արա Ղազարյանը քննարկման ընթացքում անդրադարձավ երկու երևույթի. «Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն ընդամենը փոքրիկ մասնագիտական համայնքի կարգավորող մարմնի ընտրություններ են, սա համապետական ընտրություն չէ: Այնպես են ասում՝ հակակշռող մարմին, անձնակազմի անդամն իրավունք չունի լինել Խորհրդի անդամ, կարծես թե ազգի բախտն է որոշվում կամ ազգային ժողով ենք ընտրում»:
Արա Ղազարյանի խոսքով՝ պետական և հանրային իշխանության բախման ժամանակ է անհրաժեշտ զսպող կամ հակակշռող մեխանիզմ ունենալ. «Համայնքը նրանով է համայնք, որ այստեղ բոլորը համախոհներ են և կարիք չունեն մեկը մյուսին կասկածել, այլապես մենք ինչու ենք համայնք, եթե մեկս մյուսի դեմ հակակշռող մեխանիզմներ ստեղծենք: Ուրեմն մենք համայնք չենք, մենք ուղղակի բազմություն ենք և չունենք ընդհանուր գաղափար»:
Արա Ղազարյանի խոսքով՝ Պալատին անհրաժեշտ հակակշռող մարմնի ինֆորմացիան դրվում է շրջանառության մեջ և տպավորություն է ստեղծվում, թե ողջ փաստաբանական համայնքը բողոքում է և ուզում է հակակշռող մեխանիզմ ստեղծել:
«Եթե անձնակազմից մեկը լինում է խորհրդի անդամ, դա զուտ օգնելու նպատակով է, որովհետև այստեղ փոխհամաձայնության, փոխվստահության հիման վրա են որոշումներ կայացվում, ոչ թե մեկը մյուսին վերահսկելու»,- եզրափակեց փաստաբանը:










