Ես ոչինչ չէի կարող անել. Բելառուսում Հայաստանի դեսպանը՝ Լապշինի Ադրբեջան արտահանձնման մասին
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը դեսպանատան և անձամբ իր թերացումը չի տեսնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կանխել չկարողանալու հարցում․ այս մասին նա ասել է «Ազատության» հետ հեռախոսազրույցում:
«Ես եղել եմ Բելառուսի արտգործնախարարությունում, նրանց ասել եմ, որ Ադրբեջանին չի կարելի հանձնել, որովհետև այն ժողովրդավարական երկիր չէ, ես ինքս հանցակազմ չեմ տեսնում, որ նրան դրա համար կարելի է Ադրբեջանում ազատազրկել»,- նշել է նա՝ հավելելով, որ դեսպանատունն այս պարագայում, բացի Բելառուսի արտգործնախարարությունում հարցը բարձրացնելուց և Երևանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց, ոչինչ չէր կարող անել:
Բելառուսում Հայաստանի դեսպանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իսրայելի վարչապետն ու Ռուսաստանի արտգործնախարարը, չնայած գործադրած ջանքերին, չկարողացան կանխել իրենց երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողին Բաքվին հանձնելը, «մեր դեսպանատունն ի՞նչ կարող էր անել»:
«Չեմ ուզում այժմ հեռախոսով շատ բաներ ասել, բայց այս երկիրը (Բելառուսը) դուք լավ ճանաչում եք»,- ասել է դեսպանը:
Նա պատմել է, որ թեև Բելառուսի պատկան կառույցներին ներկայացրել է Լապշինին Ադրբեջանին փոխանցելու հնարավոր հետևանքները՝ օրինակ բերելով տարիներ առաջ Հունգարիայում հայ սպայի դաժան սպանության փաստն ու հետագայում Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը, իրեն ոչինչ չեն պատասխանել:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:










