Ադրբեջանը պատրաստվում է ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իր սխալները. Վահան Բադասյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իրենց սխալները: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը՝ խոսելով նախօրեի սահմանային լարվածության աճի մասին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել պատասխան գործողությունների:
Ըստ Բադասյանի՝ Ադրբեջանը ունի սպառազինության առավելություն և ուզում է պատերազմ հրահրել, որպեսզի Արցախի հարցի լուծումը իր սցենարով ընթանա: Հարցին, թե hայկական կողմը համաժեք պատասխան է տվել, դա բավարա՞ր է հակառակորդին լռեցնելու համար, ազատամարտիկը պատասխանեց. «Եթե բռնցքամարտիկը միջոցներ է ձեռնարկում, մարտավարություն է բանեցնում, իսկ հակառակորդը նրան ընդամենը պատասխանում է՝ թեկուզ համարժեք, դա ոչինչ չարժե: Այսինքն, եթե մենք պատասխանում ենք, դա դառնում է իրենց սցենարը: Ոչ թե համարժեք պատասխան պետք է տրվի, այլ պետք է անհամարժեք միջոցներ ձեռնարկվեն»։
Բադասյանը նշեց, որ ոչ թե բանակը, այլ ՀՀ քաղաքական վերնախավը պետք է համապատասխան որոշումներ կայացնի հակառակորդին լռեցնելու համար: Նա հայտնեց, որ գիտի ձևերը, թե ինչպես անել, որ զինվոր չզոհվի, որ հակառակորդը վախենա կրակել, բայց այդ գործընթացներն իրականացնելու համար քաղաքական կամք է պետք: Թե ինչ ձևերի մասին է խոսքը, Բադասյանը փակագծեր չբացեց:
Հարցին, թե ադրբեջանական կողմը շարունակելո՞ւ է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը, Վահան Բադասյանը պատասխանեց. «Այո, սա շարունակական է լինելու, նույն տրամաբանությունն է: Տեսեք, 2014 թ. Ադրբեջանը սկսեց ինտենսիվորեն մեծացնել սահմանային լարվածությունը, որը հետագայում բերեց տրամաբանական ավարտի, այսինքն՝ լայնածավալ գործողություններ սկսվեցին: Հիմա իրենք պատրաստվում են ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իրենց սխալները»:










