Չափի մեջ գտնվեք, Դո՛ւք, սուտասան. Խոսրով Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

13:16 • 08.02.17

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նշեց, որ այս օրենքն աստիճանաբար ավելացնում է Կենտրոնական բանկի իրավունքները:

«Մենք էրոզիայի ենք ենթարկում գործադիր մարմնի իշխանությունը, ոչնչացնում ենք Կառավարությունը: Աստիճանաբար ավելացնում ենք բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկի իրավասությունները: Ձևավորվել է մեկ այլ կառավարություն, որ մեծ է Կառավարությունից»,-ասաց նա:

Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 31 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հրանտ Բագրատյանը ձայնի իրավունք խնդրեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» և կից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ և հայտարարեց, որ սա «նույն կինոյի շարունակությունն է»:

«Օրենքն այն մասին է, որ անկախ ռեգուլյատորը քիթը խոթում է անկախ շինարարության մեջ, որ իր գործը չէ, կառավարության գործն է: Հարգելի՛ պարոն Շարմազանով, 13-րդ հոդվածը վերաբերում է տույժ ու տուգանքին: Վարչապետներից մեկը երեկ ձեզ լրիվ թյուրիմացության մեջ գցեց, դրա համար էլ լույսներն անջատվեցին, նույնիսկ լույսերը չդիմացան: Օրենքն այն մասին է, որ մեկին գցում են քացու տակ, մոտենում ենք, ասում ենք՝ ինչո՞ւ եք անում, ասում եք՝ գոնե լավ ա, չենք թողնում՝ գլխին չեն խփել»:

Բագրատյանը նկատի ուներ նախկին վարչապետ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին, ով երեկ հակադարձել էր իր ելույթին:

Խոսրով Հարությունյանը ևս վարման կարգով խոսեց. «Օրենքը ոչ թե ԿԲ-ին, այլ առևտրային բանկի և վարկառուի համար սահմանում է բոլոր հնարավոր փոխհարաբերությունները կարգավորող նորմեր՝ այդ թվում հնարավորություն տալով վարկառուին օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ մարել իր պարտավորությունները»:

Հարությունյանը չհասցրեց ավարտել խոսքը, Բագրատյանը տեղից հայտարարեց. «Սուտ է ասում»: Հարությունյանը շարունակեց պարզաբանել, սակայն Բագրատյանը շարունակում էր տեղից խոսել: Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մի՛ խեղաթյուրեք, լսե՛ք, չափի մեջ գտնվեք, Դո՛ւք, սուտասան»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց կոռեկտության սահմանները չանցնել. «Պարոն Բագրատյան, մի քիչ չափավոր, հանգիստ, այդպես չի կարելի»:

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 63 կողմ, դեմ 22, ձեռնպահ 5 ձայներով: