Համանախագահները համապատասխան արձագանք պիտի տան շփման գծում ստեղծված լարվածությանը. Կիրո Մանոյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան արձագանք պիտի տան շփման գծում տեղի ունեցած երեկվա լարվածությանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Վերջինս նշեց, որ Ադրբեջանը կրկին լարվածության աճի գրանցման ուղղությամբ քայլեր է նախաձեռնում, որպեսզի խափանի սպասվող հանդիպումը կողմերի արտաքին գործերի նախարարների միջև:
«Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից իրականացվող նույն քայլերն են, երբ ամեն անգամ խոսվում է կողմերի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին: Համանախագահները հայտարարել են, որ կա հնարավորություն ԱԳ նախարարների հանդիպման և տեսանք՝ ինչ տեղի ունեցավ»,- նշեց Կիրո Մանոյանը:
Վերջինս շեշտեց՝ ՄԽ հայտարարությունը պիտի լինի անվանական, հասցեական:
«Միջնորդները, հասկանալի է, փորձում են կողմնակալ չլինել, բայց կան դեպքեր, երբ իրերը պետք է կոչել իրենց անունով: Տեղի ունեցածը դատապարտելի է»,- հավելեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը:
Կիրո Մանոյանն ասաց, որ Արևմուտքը պետք է զգոն ու պահանջկոտ լինի Ադրբեջանի նկատմամբ:










