Ամերիկացիների 70 տոկոսը դեմ է Սիրիայից փախստականների մուտքի արգելքին. հարցում

09:55 • 08.02.17

ԱՄՆ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Սիրիայից փախստականների մուտքի արգելքին, որը սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին վկայում են Quinnipiac University-ի հարցման արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ Թրամփը ստորագրել է «Օտարերկրացի ահաբեկիչների մուտքից երկրի պաշտպանության մասին» հրամանը, որով 90 օրով արգելվում է յոթ երկրի (Իրան, Իրաք, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան) քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև 120 օրով դադարեցվում է փախստականների ընդունումը և անորոշ ժամանակով դադարեցվում Սիրիայից փախստականների ընդունումը:


Quinnipiac University-ի հետազոտության տվյալներով՝ Սիրիայից փախստականների վերաբերյալ նախագահի որոշման դեմ հանդես է գալիս հարցման մասնակիցների 70 տոկոսը, կողմ՝ 26 տոկոսը: Երկրորդ հրամանի դեմ, որն արգելում է 120 օրով փախստականների ընդունումը, հանդես է գալիս 60 տոկոսը, իսկ կողմ՝ 37 տոկոսը:


Սակայն յոթ երկրներից քաղաքացիների մուտքի արգելքի հարցում ամերիկացիների կարծիքները կիսվել են, այդ որոշմանը դեմ է հանդես գալիս 51 տոկոսը, կողմ՝ 46 տոկոսը: