ՀՀԿ ընտրացուցակների շուրջ քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերջնական չեն. Հովհաննես Սահակյան
Իշխող «Հանրապետական» կուսակցությունը չի շտապում բացել փակագծերը, թե ովքեր են ընդգրկված լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ու ռեյտինգային ցուցակներում: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ որոշակի հստակություն հայտնի կլինի առաջիկայում:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ընտրացուցակները ներկայացնելու ժամկետ: Մենք մեր բոլոր քայլերը կազմակերպում ենք այդ ժամկետի շրջանակներում: Այս պահին որևէ հստակություն չկա: Յուրաքանչյուրն իր ընտրատարածքում, ծննդավայրում, որոշակի աշխատանքներ տանում է, հասկանում են՝ հնարավո՞ր է առաջադրվեն, թե ոչ: Բայց սա պաշտոնական բնույթ չի կրում»,- նշեց պատգամավորը:
Tert.am-ի հարցին՝ ի վերջո համամասնական ցուցակը ո՞վ է գլխավորելու, արդյո՞ք Նախագահ Սերժ Սարգսյանը, Հ. Սահակյանը կրկին հորդորեց սպասել:
«Հանրությանը մենք մեր ցուցակը կներկայացնենք, թե ով է գլխավորելու այն, ով է լինելու շտաբի ղեկավարը, ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ցուցակով, ինչ մարտավարություն ենք ընտրելու, ժամկետի սահմաններում կներկայացնենք: Քանի որ քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերջնական չեն, հստակ չեն, ճիշտ չէ հայտարարություն անելը»,- հավաստիացրեց Հովհաննես Սահակյանը:
Ընտրություններից առաջ ՀՀԿ-ն լքած անձանց մասին լրագրողները հարցրին, թե ՀՀԿ-ն ցավո՞ւմ է այս ամենի համար, թե՞ դիտարկում որպես առողջացման գործընթաց:
Ի պատասխան պատգամավորն ասաց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով դուրս եկավ ՀՀԿ-ից և ում հետևից դուրս եկան շուրջ 13 հոգի, մեկնաբանվել է կուսակցության կողմից, եղել է պատասխան, որ ցանկացած կուսակցական ինքն է որոշում՝ ինչպես մասնակցել ընտրություններին:
«Ժամանակը ցույց կտա՝ սա թուլացման, թե առողջական պրոցես է: Այն մոտեցումները, որոնք մենք որդեգրել ենք, որոնք ներկայացնելու ենք հանրությանը, ընդունելի են մեր կուսակիցների համար: Մենք կողմնակից ենք, որ ընտրական գործընթացները ընթանան բացառապես օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- մանրամասնեց Սահակյանը:










