Ալիկ Սարգսյանը կարծում է, որ Արարատի մարզից ինքը կլինի ռեյտինգային թեկնածու, Ֆելիքս Ցոլակյանն էլ հաստատում է` իրեն ՀՀԿ-ից առաջադրվելու առաջարկ է եղել
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Ալիկ Սարգսյանը, ով փետրվարի 3-ից ստանձնել է ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, ենթադրում է, որ ինքը կլինի Արարատի մարզից ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու:
«Այո՛, կարծում եմ՝ կլինեմ»,-Tert.am –ի հետ զրույցում պատասխանելով այս մասին հարցին, ասաց Ալիկ Սարգսյանը, ապա դժգոհեց,- «Ահավոր զբաղված եմ, թողեք աշխատեմ, իմ տեղը զգամ`ու՞ր եմ եկել, ինչ եմ անում»:
Նշենք, որ Ալիկ Սարգսյանը ծնունդով Արարատի մարզի Կանաչուտ համայնքից է, և այս մասին դիտարկմանն ի պատասխան ասաց`«Բայց քանի տարի է մարզում չեմ»:
Հիշեցնենք, ու ըստ շրջանառվող տեղեկությունների` Արարատից ռեյտինգայինով առաջադրվելու է նաև Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը:
Մեկ այլ առաջադրման մասին. Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Tert.am –ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց, որ ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու առաջարկ է ստացել:
Հիշեցնենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, այստեղից պատրաստվում են ռեյտինգայինով առաջադրվել ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, իսկ «Ծառուկյան դաշինքից»` նախկին քաղաքապետ և նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը:










