Թրամփը խայտառակություն է անվանել այն, որ նրա վարչակազմը դեռ ձևավորված չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն է համարում իրավիճակը, որի հետևանքով նրա վարչակազմի ձևավորումը մինչ այժմ չի ավարտվել՝ դեմոկրատների հակազդեցության պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա խայտառակություն է, որ կառավարությունը մինչ այժմ տեղում չէ, մեր երկրի պատմության մեջ ամենաերկարատև նման ուշացումն է: Դեմոկրատների առաջացրած խոչընդոտները»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Թրամփը նախագահի պաշտոնին է անցել հունվարի 20-ին, և նույն օրն իրենց պաշտոններն են ստացել պաշտպանության և ներքին անվտանգության նախարարները: Այնուհետև, սակայն, Սենատում թեկնածուների հաստատման գործընթացը դանդաղել է, իսկ քվեարկությունները մեծ դժվարությամբ են ընթացել: Դեմոկրատները երբեմն բոյկոտել են նիստերը թեկնածուների դիտարկումը թույլ չտալու համար:
Երեքշաբթի ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ փոխնախագահ Մայք Փենսը, որը պաշտոնով Սենատի նախագահն է, ստիպված է եղել մասնակցել քվեարկությանը և փաստացիորեն կրթության նախարարի պաշտոնին հաստատել Բեթսի Դևոսին, քանի որ սենատորների ձայները հավասար էին կիսվել՝ 50-ը 50-ի դեմ:
Բացի այդ, երդմնակալությունից ավելի քան երկու շաբաթ անց չեն հաստատվել վարչակազմի այնպիսի կարևոր անդամներ, ինչպիսիք են ֆինանսների, առևտրի, էներգետիկայի նախարարները, ինչպես նաև գլխավոր դատախազը:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 8-ի տվյալներով, Թրամփի վարչակազմի 21 թեկնածուից, որոնք պահանջում են Սենատի հաստատումը, հաստատվել և պարտականություններին է անցել ընդամենը վեց հոգի:










