Բաքվի բանտում գտնվող հայազգի Մարատ Գալուստյանի առողջական վիճակը ծանր է, ՌԴ ԱԳՆ-ն լռում է. պատմում է նրա գործընկերը
Բաքվում նախորդ տարի ձերբակալված հայազգի, Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի առողջական վիճակը ծանր է. այս մասին Tert.am-ին պատմեց նրա մտերիմ գործընկեր Ելենա Մակարենկոն:
«Նրան սրսկում են, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն լռում է, սպասում ենք վճռին»,- նշեց նա:
Ելենա Մակարենկոն պատմեց, որ Բաքվի բանտում ծանր վիճակում հայտնված իր գործընկերոջ մասին տեղեկատվություն ստանում են Կարմիր խաչ միջազգային կազմակերպության միջոցով. «Նա ճնշված է, նամակներում տխրություն կա»,- նկատեց Ելենա Մակարենկոն:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջը, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:
Հայազգի, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Մարատ Ուելդանովի հետ ադրբեջանական բանտերում շատ վատ են վարվում: Այդ մասին հայտնում են նրա ընտանիքն ու ընկերները: Նրանք խնդիրը բարձրաձայնում են իրենց երկրի՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում: Այստեղից, սակայն, որևէ տեսանելի քայլեր չեն արվում:










