Հայ համայնքի ընթրիքը, ինչպես Օլանդը նշեց, «հիշատակի հանդիպում» էր, քաղաքական հարցեր չքննարկվեցին․ ֆրանսահայ հասարակական գործիչ

23:07 • 09.02.17

Ֆրանսիայի հայկական համայնքը բավականին ազդեցիկ է, սակայն այդ ազդեցիկությունը չդրսևորվեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի (CCAF-ի) կազմակերպած փետրվարի 8-ի ընթրիքի ժամանակ, որին ներկա էր Ֆրանսիայի քաղաքական վերնախավը՝ ի դեմս նախագահ Ֆրանսուա Օլանդի: Այս տեսակետը հայտնեց Ֆրանսիայի հասարակական գործիչ Արման Ավագյանը՝ նշելով, որ ինքը ընթրիքին հնչած հայտարարություններին հետևել է ուղիղ եթերով, անձամբ ընթրիքին չի կարողացել մասնակցել, քանի որ վատառողջ է եղել:

«Համայնքն ամեն տարի կազմակերպում է այդ ընթրիքը: Հրավիրվում են ֆրանսիական քաղաքականության առաջնակարգ դեմքերը: Դատելով այնտեղ հավաքված մարդկանցից՝ այն պետք է կրի լոբբիստական բնույթ, ծառայի ֆրանսահայերի առջև դրված ծրագրերի իրականացմանը, բայց այս անգամվանը, ինչպես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշեց, «հիշատակի հանդիպում» էր: Այդպես էլ կար, ցավոք սրտի եմ ասում՝ դա հիշատակի երեկո էր»,- ասաց Արման Ավագյանը:

Նա պատմեց, որ Ֆրանսուա Օլանդը, չնայած որ վերջին անգամն էր որպես նախագահ ներկա ընթրիքին, վստահեցրեց, որ հաջորդներին ևս կգա։

«Նա նաև ասաց, որ  ընթրիքը հայ համայնքի՝ Ֆրանսիայի հավատարմության նշանն է»,- պատմեց Արման Ավագյանը՝ հավելելով, որ ընթրիքը քաղաքական հարթակում որևէ լուրջ խնդիրներ առաջ չբերեց:

Արման Ավագյանը նշեց, որ Օլանդը խոսել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածի մասին, որը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը մերժեց: 

«Դրան ի պատասխան՝ նա առաջարկեց, որ մոտ ժամանակներս Ֆրանսիայում լինի ցեղասպանությունների, մարդկանց դեմ իրականացված ոճիրների հիշատակման օր, որը կներառի նաև Հայոց ցեղասպանությունը: Նախագահը հիշատակեց, որ իր համար կարևոր են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, հիշեցրեց, որ այս տարի Հայաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է և դրա առթիվ մարտի 8-ին նա Հայաստանի Նախագահին է հրավիրել Փարիզ, որի ժամանակ կքննարկվեն մշակութային և տնտեսական հարցեր, ինչպես նաև՝ կնախանշվի, թե ինչպես կարելի է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- պատմեց Արման Ավագյանը՝ հավելելով, որ նաև Փարիզի քաղաքապետը խոստացավ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին Փարիզի մեդալ շնորհել:

Ըստ նրա՝ այնուամենայնիվ երեկոյին հնչած բոլոր հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են կրել, քաղաքական լուրջ քննարկումներ չեն եղել: Արման Ավագյանը նշեց, որ աջակողմյաններից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը պետք է գար, սակայն հենց ընթրիքի օրը՝ ժամը 6-ին, չեղարկել էր իր մասնակցությունը, իսկ ձախակողմյանների թեկնածու Բենուա Ամոն եկել էր, սակայն ելույթ չունեցավ:

«Շատ տարօրինակ էի, բայց չխոսեց հայերի բարեկամ, պատգամավոր Վալերի Բուայեն՝ աջակողմյանների ներկայացուցիչներից, ինչպես նաև՝ Ֆրանսուա Ֆիյոնի աջ ձեռքը նրա նախընտրական արշավում»,- նշեց նա:

Արման Ավագյանն ասաց, որ ոչ ոքի աշխատանքը չի ցանկանում թերագնահատել, սակայն չի կարող նկատել, որ կազմակերպված հավաքույթին, բացի «սելֆիներից» ու փոխադարձ ժպիտներից, ոչ մի լուրջ աշխատանք չկար:

«Ընթրիքը լավագույն միջոցն էր, որով պետք է հասկացվեր, որ  մենք գործուն ենք: Հատկապես նախընտրական տարում: Ընտրությունները երկու ամսից են, իսկ դրանք շատ կարևոր են, որովհետև նախագահն ունի շատ ֆունկցիաներ: Մեր համայնքային ուժն այդ ընթրիքի ընթացքում չտեսա,- ասաց նա՝ հավելելով, որ կցանկանար, որ ընթրիքին առավել շատ քաղաքական բովանդակությամբ ելույթներ լինեին,- կուզեի ավելի կոնկրետ և շոշափելի լինեին Ֆրանսիայի քաղաքական գործիչների առաջարկները հայերին: Մտահոգված էի, որ ո՛չ աջակողմյան, ո՛չ էլ ձախակողմյան թևից նախագահի թեկնածուները ելույթ չունեցան, որևիցե խոստումներ, թեկուզ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածի մերժման հետ կապված չեղան»: