Ակցիա իրականացնող սևազգեստ մայրերից մեկը պնդում է, որ կառավարության շենքի մոտ ոստիկանները թքել են իրենց վրա

14:01 • 09.02.17

Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքված, իրենց խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացիների թվում էին նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, որոնք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Նրանցից Իրինա Ղազարյանը Tert.am-ին հայտնեց, որ երբ կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց գործերը «կնայի» գլխավոր դատախազը` Արթուր Դավթյանը, իրենցից Նանա Մուրադյանը փորձել է առաջ գնալ, ինչին անմիջապես արձագանքել է ծառայություն իրականացնող ոստիկանը:

«Ագրեսիվ ոստիկանը բոթելով քաշում ա, թքում ա սպանված զինվորի մոր երեսին, ասում է` «բոմժ»։ Հասնում եմ էն պահին, որ էս տականքը գոռում ա՝ տարեք դրան բաժին, հլը իրա հալը կտենա: Նանաս վատացել ա, դողացնում ա, էդ պահին կառավարության մոտ մի ուրիշ ոստիկան կար, ակնոցավոր, ռացիայով ասում է՝ դադարեցրեք: Հետո էդ ոստիկանին տարան մի կողմ, նոր ոստիկաններ եկան, Նանան վատ է»,-մանրամասնեց Իրինա Ղազարյանը:

Սրանից հետո արդեն, կնոջ խոսքով, իր վրա է թքել մի ուրիշ ոստիկան, երբ ինքը ասել է. «Չե՞ս ամաչում, ամոթ ա, զոհված զինվորի մոր հետ ո՞նց եք վարվում, քո մոր տարիքի կին ա, մենակ իրա դարդը հերիք ա»:

Ինչից հետո, ըստ տիկին Իրինայի, մյուս ոստիկանը, «վերցրեք ու թքեց արդեն ինձ վրա՝ առանց ամաչելու»։

Այժմ սևազգեստ մայրերը շարժվում են դեպի ՀՀ ոստիկանության կենտրոնական շենք՝ այնտեղ բողոքի ակցիա անելու։