«Թզուկ» մականունով նարկոբարոնի որդիները հայտնել են իրենց վրա հարձակման մասին

11:26 • 09.02.17

ԱՄՆ-ին արտահանձնված «Թզուկ» մականունով մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի որդիները հայտարարել են, որ վիրավորվել են նարկոկարտելի մեկ այլ անդամի կողմից հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հայտնի մեքսիկացի լրագրողին:


Լրագրող Սիրո Գոմեզ Լեյվան հայտարարել է, որ նարկոբարոնի որդիներից ձեռագիր նամակ է ստացել հարձակման մասին, որը տեղի է ունեցել շաբաթ օրը: Նրանց խոսքերով՝ հարձակումը գործել է խմբավորման անդամը, որը փորձել է վիճարկել հանցավոր խմբավորման մեջ առաջնորդությունը:


Թզուկի փաստաբանը տեղի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ նարկոբարոնի որդիներն իսկապես նման նամակ են գրել: «Ես գիտեմ այդ նամակի մասին, և ես գիտեմ, որ նրանք գրել են այդ նամակը»,- ասել է փաստաբանը:


Ամենափնտրվող նարկոբարոններից մեկն ԱՄՆ-ին է փոխանցվել հունվարի 19-ին: Թզուկը համարվում է «Սինալոա» խոշոր կարտելի ղեկավարը, բայց թե ով է կոնկրետ ղեկավարում հանցավոր կազմակերպությունն այժմ՝ Թզուկի ձերբակալությունից և արտահանձնումից հետո, փորձագետները դժվարանում են ասել: