ԻՊ-ը ստանձնել է Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իսրայելական Էյլաթ զբոսաշրջային քաղաքի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը, գրում է Jerusalem Post-ը:
Թերթի տվյալներով՝ ԻՊ խմբավորման ճյուղերից մեկը հայտարարել է Եգիպտոսի Սինայ թերակղզու տարածքից արձակված վեց հրթիռի մասին, որոնցից միայն չորսն են հասել Իսրայելի տարածք:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել է, որ իսրայելական ՀՀՊ-ն մի քանի հրթիռ է որսացել: Հրթիռակոծման փորձն ակտիվացրել է օդային ահազանգի ազդանշանները զբոսաշրջային քաղաքում և դրա շրջակայքում: Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չեն ստացվել:
Իսրայելի հարավային քաղաքը, որտեղ Կարմիր ծովի ափերին հանգստանում են հազարավոր զբոսաշրջիկներ, Եգիպտոսի տարածքից բազմիցս ենթարկվել է ռմբակոծության, որտեղ գործում են ծայրահեղ իսլամիստների խմբավորումներ: Բոլոր ռմբակոծությունները մինչ այժմ եղել են առանց զոհերի և նյութական վնասի:










