Կոտայքում ՀՀԿ նախընտրական շտաբը ես չեմ համակարգելու, ոչ էլ ընդգրկվելու եմ «Ծառուկյան դաշինքում». Կարապետ Գուլոյան

16:23 • 09.02.17

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փեսան է, չի համակարգելու Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի նախընտրական շտաբը, ոչ էլ ընդգրկվելու է «Ծառուկյան դաշինքում»:

Այս մասին Tert.am-ին հայտնեց հենց Կարապետ Գուլոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ Կոտայքի մարզի տարածքային կազմակերպության ղեկավարը Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն է:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր տեղեկություն էր տպագրել, ըստ որի` ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբի համակարգողը լինելու է նախկին ԲՀԿ-ական, ներկայումս անկուսակցական Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Հարցից, թե այդ դեպքում ինչպես է բացատրում այն, որ ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չի բացառել նման հավանականությունը, ծանո՞թ է հրապարակմանը, Կարապետ Գուլոյանն անկեղծորեն զարմացավ ու ասաց. «Չէ, տեղյակ չեմ, ճիշտն ասած»:

Ինչ վերաբերում է ճշգրտող հարցին, թե միգուցե ՀՀԿ-ի հետ այս առումով ինչ-որ բանակցություննե՞ր է վարել, պայմանավորվածություննե՞ր ունի, նա պատասխանեց. «Ոչ, նման խոսակցություն չի եղել»:

Tert.am-ը զրուցեց նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ, ով նշեց. «Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ` Գործադիր մարմնի նիստից հետո, երբ կորոշվեն պատասխանատուները. հարց է եղել՝ կարո՞ղ է արդյոք լինել (Գուլոյանը), ասել եմ՝ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է: Կարող է՝ Դուք էլ լինեք, ի՞նչ է եղել որ»:

Հարցին էլ, թե ՀՀԿ շտաբի պետը կարո՞ղ է լինել ոչ ՀՀԿ-ական, Ռուբեն Թադևոսյանը դրական պատասխան տվեց։ Ամեն դեպքում, նա հստակեցրեց, որ այս պահին որոշված չեն շտաբերի պատասխանատուները:

Ըստ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահի` ԳՄ նիստը այսօրվանից տեղափոխվել է շաբաթ օրը։  

Մեկ այլ հրապարակման վերաբերյալ, ըստ որի՝ առաջադրվելու տրամադրություններ ունի նաև «Արաբկիրի» նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ վերջինս եղել և առ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: