Հրապարակվել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպչի՝ Օբամային ուղղված նամակը

11:33 • 09.02.17

Ամերիկյան լրատվամիջոցները մասամբ հրապարակել են 2001թ. սեպտեմբերի 11-ի սոսկալի ահաբեկչությունների կազմակերպչի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդի 18 էջանոց նամակը՝ ուղղված Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային:


Ինչպես նշում է miamiherald.com-ը, նամակի հեղինակը պնդում է, որ 9/11 ահաբեկչությունների համար մեղավոր է Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով «ամբողջ աշխարհում անմեղ մարդիկ են զոհվել»:


Մեկնաբանելով սեպտեմբերի 11-ի դեպքերը՝ Մուհամեդը գրել է, որ ահաբեկչությունների իրականացման օրն «իրենք պատերազմ չեն սկսել ամերիկացիների դեմ»: Ըստ Մուհամեդի՝ դա հրահրել են ԱՄՆ-ն ու մուսուլմանական պետությունների բռնապետները:


Նամակում Մուհամեդն Օբամային դիմել է որպես «օձի գլուխ» և «բռնաճնշող ու բռնազավթող երկրի» նախագահի: Նա նաև նշել է, որ երբևէ ներում չի խնդրի Օբամայից ու Միացյալ Նահանգներից:


Հայտնի է, որ այս նամակը գրվել է 2015թ. հունվարին: Ի սկզբանե Գուանտանամոյի ղեկավարությունը չէր ցանկանում նամակն ուղարկել Օբամային, սակայն Մուհամեդի փաստաբանը միջամտել էր՝ նշելով, որ մեղադրյալը նախագահին դիմելու իրավունք ունի: Արդյունքում ռազմական դատարանը համաձայնել է փաստաբանի ասածի հետ: Օբաման նամակը ստացել է պաշտոնը լքելուց օրեր առաջ:


Աղբյուրը հիշեցնում է, որ Պակիստանում ծնված, Քուվեյթում մեծացած Մուհամեդի իրականացրած գործողությունների հետևանքով Նյու Յորքում զոհվել է մոտ 3.000 մարդ:

 

Խալիդ Շեյխ Մուհամեդ

 

Khalid Sheik Mohammed poses for the International Committee of the Red Cross (ICRC) at at the U.S. Navy Base in Guantánamo Bay, Cuba, in this undated photo.