«Նոր Սնոուդենին» մեղադրել են ԱՄՆ գաղտնի նյութերի գողության համար
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության 52-ամյա նախկին աշխատակից Հարոլդ Թոմաս Մարտինին գաղտնի տեղեկատվություն գողանալու մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրությունում, գրում է lenta.ru-ն:
Ինչպես նշվում է փաստաթղթում, մեղադրյալը, որն աշխատել է տարբեր ամերիկյան կառավարական գերատեսչությունների համար գաղտնի ծրագրերի վրա, ստացել է գաղտնի նյութերի հասանելիություն:
«Մարտինը, ենթադրաբար, դավաճանել է երկրի վստահությունը՝ գողանալով և իր մոտ պահելով ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր և այլ նյութեր»,- հայտնել են գերատեսչությունից։
Մեղադրող կողմը պնդում է, որ մեղադրյալը վարել է իր հանցավոր գործունեությունն ավելի քան 20 տարի՝ 1992-ից մինչև 2016 թվականը: Նշվում է նաև, որ Մարտինը գիտեր տեղեկատվության գաղտնի բնույթի մասին և գիտակցում էր, որ իրավունք չունի այն պահել:
Մարտինի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը տեղեկատվության հավաքչության և ուսումնասիրության հանդեպ սեր ունի, իսկ փաստաթղթերը նա վերցրել է՝ որպես հատուկ ծառայությունների աշխատակից իր որակավորումը բարձրացնելու համար:
Մարտինը համագործակցել է Ազգային անվտանգության գործակալության համար գաղտնի կիբեռգործողությունների ստեղծմամբ և անցկացմամբ զբաղվող Booz Allen Hamilton ընկերության հետ, որտեղ նաև ժամանակին աշխատել է Էդվարդ Սնոուդենը: ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013 թվականի հունիսին հեղինակավոր թերթերին գաղտնի նյութեր էր տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին։










