Գնացողը Ֆրանսուա Օլանդն է, իսկ դիվանագիտությունը մնայուն է․փորձագետը Ֆրանսիայի նախագահի՝ ԼՂ հիմնախնդրում դերի մասին
Գնացողը նախագահն է, իսկ դիվանագիտությունը մնայուն է. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է անել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի նախագահի աթոռին հրաժեշտ տվող Ֆրանսուա Օլանդը,երբ նախագահ Սերժ Սարգսյանին մարտին հրավիրում է Փարիզ՝ ներկայացնելու նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իր առաջարկները:
«Կարող ենք ասել, որ հնարավոր է՝ նրա քաղաքականությունը կփոխանցվի հաջորդ նախագահին: Իսկ Ֆրանսուա Օլանդը շատ հայամետ քաղաքական գործիչ է: Կարևոր է նրա ասածը, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է»,- ասաց նա:
Նշենք, որ փետրվարի 8-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքը մասնակցել է Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքին, որին ներկա էր Ֆրանսիայի քաղաքական վերնախավը՝ ի դեմս նախագահ Ֆրանսուա Օլանդի: Վերջինս նշել է, որ մարտի 8-ին նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրում է Փարիզ, նախատեսվում է քննարկել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Կայծ Մինասյանը նշեց, որ չի կարող հաստատապես ասել, թե Օլանդին հաջորդած նախագահը ամբողջությամբ կկրկնի նրան, սակայն կարծեց, որ դժվար թե քաղաքականության կտրուկ փոփոխություններ լինեն: «Կարող ենք ասել, որ Հայաստանի անկախացումից ի վեր Ֆրանսիայի բոլոր նախագահների՝ Միտերանի, Շիրակի, Սարկոզիի և Օլանդի դեպքում քաղաքականության շարունակականությունը նկատում ենք: Հիմա էլ այդ շարունակականությունը սպասվում է, բայց թե որքան և ինչ որակով, դեռ պարզ չէ»,- ասաց նա:
Կայծ Մինասյանը, ով ներկա էր նաև փետրվարի 8-ի հայ համայնքի ընթրիքին, նկատել է, որ Ֆրանսուա Օլանդն իրեն հայկական միջավայրում շատ լավ է զգացել: «Ինքն էլ ասաց՝ երբ հայերի հետ է, իրեն լավ է զգում»,- պատմեց նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի՝ ԼՂ հիմնախնդրում ներգրավվածությանը՝ փորձագետը նշեց, որ սխալ է կարծել, որ Ֆրանսիան կարող է լուծել ԼՂ հիմնախնդիրը: «Ղարաբաղի հարցն այնքան հեշտ չէ լուծել: Ֆրանսուա Օլանդը միայնակ չի կարող լուծել հիմնախնդիրը:Երանի կարողանա լուծել։ Հայկական դիվանագիտությունը պետք է փորձի իրավիճակը փոխել: Պետք չէ միայն սպասել, սպասել, պետք է ավելի աշխույժ լինել, ակտիվ լինել: Պետք է ոչ թե սպասել, որ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն հարցը կլուծեն, այլ նախաձեռնողականությունը պետք է Հայաստանի, Ղարաբաղի դիվանագիտությունը վերցնի իր ձեռքը»,- ասաց նա՝ հավելելով, որ որպես ազատ, անկախ պետություն, Հայաստանը ստիպված է իր սեփական միջոցներն օգտագործել՝ հիմնախնդիրը լուծելու, առաջ գնալու համար:










