Ֆիրդուսի շուկայի առևտրականները պատրաստ են դուրս գալ տարածքից, իսկ տեղի բնակիչները՝ ոչ (տեսանյութ)

21:05 • 10.02.17

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն Կառավարությանն է ներկայացրել 2017 թվականին կառուցապատման ներդրումային փաթեթները, որոնց շուրջ արդեն քննարկումներ եղել են և կոմիտեի ներկայացրած ծրագրերից 105 մլն դոլարի ծրագրեր համարվել են իրատեսական: Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ծրագրերի մեջ է մտնում նաև Ֆիրդուսի շուկայի քանդումը:

Tert.am-ը Ֆիրդուսի շուկայի առևտրականների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերում այդ որոշմանը: Նրանցից ոմանք չեն հավատում դրան. «1973 թ. առ այսօր քանդում են, ես չեմ հավատում»,- ասաց առևտրականներից մեկը:

Շուկայի քանդելու դեպքում առևտրակաների մեծ մասը չի պատրաստվում բողոքել. «Ո՞ւմ բողոքենք, մենք իրար մեջ կբողովենք ու կանցնի կգնա: Թե չէ այսօր ում ենք բողոքելու, որ ձայններս տեղ հասնի»:


Հակառակ առևտրականների՝  տեղի բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց տները: Նրանց էլիտար շենքում բնակարան են առաջարկել, բայց վերջիններս չեն համաձայնվում տեղափոխվել:

Առևտրականների խոսքով՝ Ֆիրդուսում մոտ 200 աշխատող կա: Թե որտեղ են տեղափոխվելու առևտրային գործունեություն իրականացնողները, Նարեկ Սարգսյանը դժվարացել է պատասխանել: Tert.am-ը Ֆիրդուսի առևտրականների տեղափոխման հետ կապված հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանին, սակայն դեռ պատասխան չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: