Հնդկաստանում տղամարդը բացել է թռիչքի պատրաստվող ինքնաթիռի վթարային ելքի դուռը. կա տուժած
Հնդկական IndiGo ավիաընկերության ուղևորը բացել է վթարային ելքի դուռը, երբ ինքնաթիռը գտնվել է Մումբայ քաղաքի օդանավակայանի թռիչքադաշտում: Միջադեպի հետևանքով տուժել է մեկ ուղևոր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:
Ավիաընկերությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ի առավոտյան ինքնաթիռի սրահում, որը պատրաստվում էր իրականացնել Մումբայ-Չանդիգարխ չվերթը:
Ուղևորներից մեկն անսպասելիորեն բացել է վթարային ելքի դուռը և իջեցրել փչովի սանդուղքը: Միջադեպի հետևանքով վնասվածքներ և կապտուկներ է ստացել տղամարդու կողքին նստած ուղևորը, սակայն վնասվածքների պատճառը հայտնի չէ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռի անձնակազմն անմիջապես արձագանքել է միջադեպին և տեղեկացրել կապիտանին, որն իր հերթին այդ մասին հայտնել է համապատասխան ծառայություններին, անջատել շարժիչները և տուժածին բուժօգնություն ցուցաբերելու հանձնարարություն տվել:
Նշվում է, որ տղամարդը փոխանցվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցներին, և նրա հետագա ճակատագիրը կորոշեն տեղական իշխանությունները:











