Փոքր Մանթաշ գյուղում 19-ամյա տղա է ինքնասպանություն գործել

13:03 • 10.02.17

 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում 19-ամյա երիտասարդ է ինքնասպանություն գործել:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, փետրվարի 10-ին՝ ժամը 1:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել  այն մասին, որ ինքնասպանություն է գործել Տ.Գ.-ն:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամի 01.00-ի սահմաններում 1998 թվականին ծնված Տ.Գ.-ն ինքնասպանություն է գործել իրենց տան բակում՝ ծառից կախվելու միջոցով»,- ասաց Ջանոյանը՝ հավելելով, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է  քննություն:

Tert.am-ի հետ զրույցում Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանն ասաց, որ նա տան կրտսերն է եղել, ապրել է ծնողների ու ավագ եղբոր հետ:

«Տ.Գ.-ն սովորում էր Երևանի գյուղատնտեսական համալսարանում, հեռակա բաժնում: Շատ նորմալ, խելացի ընտանիքի երեխա էր, թե ինչու է նման քայլի դիմել, զարմանալի է»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ ընտանիքն ապրում է նորմալ պայմաններում: