ԱՄՆ-ում 97 տարեկան հասակում մահացել է 745 մարաթոնների մասնակիցը
Ամերիկացի Դոն ՄաքՆելլին, ով իր կյանքի ընթացքում 745 մարաթոնների է մասնակցել, մահացել է 97 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ֆեյրպորտ քաղաքի հուղարկավորության կենտրոններից մեկի աշխատակիցներին:
Առաջին անգամ ՄաքՆելլին մրցավազքի է մասնակցել 1969 թվականին: Դա եղել է Բոստոնյան մարաթոնը: Հետագայում նա մասնակցություն է ունեցել նման միջոցառումների բոլոր 50 ամերիկյան նահանգների տարածքում, ինչպես նաև Կանադայի բոլոր նահանգներում և նույնիսկ Անտարկտիդայում:
Նա մասնակցել է Պանամայի ողջ տարածքով անցնող մրցավազքին և նյույորքյան Empire State Building երկնաքերի 103-րդ հարկը բարձրանալու մրցապայքարին:
2006 թվականին` 86 տարեկան հասակում, ամերիկացին ամբողջությամբ անցել է 744-րդ մարաթոնյան հեռավորությունը: 2010-ի նոյեմբերին նա դուրս է եկել իր 745-րդ մրցավազքի մեկնարկին, սակայն կեսից դադարեցրել է:










