Մոսկվայում 9 տարվա ազատազրկման է դատապարվել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը դատավճիռ է կայացրել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի («Օսետրինա կրտսեր» կամ Սերյոժա Բենթլի») և նրա մորեղբոր`Արթուր Բաղդասարյանի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է primecrime.ru-ն, Նիկուլինյան դատարանի որոշման համաձայն` Սերգեյ Ասատրյանը հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում պետք է 9 տարվա պատիժ կրի, իսկ Բաղդասարյանը` մեկ տարով պակաս: Բաղդասարյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել է, որ պաշտպանությունը բողոքարկելու է տվյալ դատավճիռը` նշելով, որ իր պաշտպանյալը ոչ միայն մեղավոր չէ, այլ հենց ինքն է տուժել ոմն Մխիթարյանի գործողություններից, ով խոշոր չափի գումարներ է պարտք արել շատերից:
Նշվում է, որ դատական լսումների նախօրեին արտակարգ դեպք էր պատահել Սերգեյ Ասատրյանի հոր`«օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի հետ (Էդիկ Օսետրինա), ով կալանավորված է և իր պատիժը կրում է Չելյաբինկսի մարզում: Նրան անսպասելիորեն տեղափոխել են մեկուսարանից, սակայն ավելի ուշ վերադարձրել են կալանավայր:










