Հայտնի են ամենից շատ ճանապարհային խցանումներ ունեցող երկրները

18:42 • 10.02.17

Ճանապարհային երթևեկության, նավիգացիոն ծառայությունների կարգավորման հարցերով զբաղվող INRIX ընկերության տվյալներով` խցանումներն ամենից շատ խնդիրներ են առաջացնում Բելգիայում, Նիդերլանդներում և Գերմանիայում:

Euromag-ի հաղորդմամբ` հենց այդ երեք եվրոպական երկրի բնակիչներն են ամենից շատ ժամանակ ծախսում խցանումներում: Այս առումով առաջատար Բելգիայում վարորդը խցանումների պատճառով միջինում տարեկան 44 ժամ է կորցնում:

Նիդերլանդների բնակիչները խցանումներում 39 ժամ են կորցնում, իսկ գերմանացիները` 38 ժամ: Չորրորդ տեղում է հայտնվել Լյուքսեմբուրգը` տարեկան 33 ժամ ցուցանիշով:

Եթե այդ ժամանակը վերածենք աշխատավարձի, ապա Մեծ Դքսության բնակիչները խցանումների պատճառով միջինում օրական 9 րոպե աշխատաժամ են կորցնում, ինչը, գումարային արտահայտմամբ, հավասար է տարեկան 966 եվրո կորստի մեկ մարդու համար: