Կհանդիպենք դատարանում. Թրամփը մեկնաբանել է իր հրամանագրի դեմ կայացված վճիռը

09:47 • 10.02.17

Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանն օրինական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի կասեցումը, հայտնում է Reuters-ը:


Քսան էջանոց դատավճռում նշվում է, որ հունվարի 25-ին ստորագրված և առավելապես մահմեդական բնակչությամբ 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելող հրամանագիրը չի բխում Միացյալ Նահանգների շահերից:


Դատարանը նկատել է, որ Թրամփի վարչակազմը չի ներկայացրել այնպիսի համոզիչ ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ չեղարկել միգրացիոն հրամանագիրը:


Հայտնի է, որ Թրամփն արդեն արձագանքել է Վերաքննիչ դատարանի վճռին՝ համապատասխան գրառում անելով իր թվիթերյան միկրոբլոգում:


«Կհանդիպենք դատարանում. խաղասեղանին դրված է ազգային անվտանգությունը»,-գրել է 70-ամյա հանրապետականը, որը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր թիմն անպայման հաղթելու է այս գործը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել էր Սիեթլի դատարանի վճիռը, որը ժամանակավորապես կասեցրել էր միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ հրամանագրի իրականացումը: