Թրամփը Ճապոնիայի վարչապետի ելույթի ժամանակ չի կրել թարգմանությունը լսելու համար նախատեսված ականջակալը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին, ում ելույթի ժամանակ 70-ամյա ղեկավարը չի կրել թարգմանությունը լսելու համար նախատեսված ականջակալը՝ չնայած, որ չի տիրապետում ճապոներենին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, թեպետ Թրամփը չի հասկացել ճապոնացի գործընկերոջ ասածները, այնուհանդերձ՝ Աբեի ելույթի ժամանակ նա պարբերաբար ժպտացել ու գլխով համաձայնության նշաններ է արել:
Ականջակալի բացակայության փաստն առաջիններից է նկատել CNN-ի թղթակից Ջեֆ Զելենին՝ հավելելով, որ Թրամփը չի հասկացել, թե Ճապոնիայի վարչապետն ինչի մասին է խոսում:
Սակայն ավելի ուշ Սպիտակ տունը մեկնաբանել է, որ Թրամփը նախապես իմացել է Աբեի ելույթի բովանդակությունը, ուստի՝ ականջակալ կրելու առիթ չի եղել:
Հայտնի է, որ նախագահն ականջակալը դրել է միայն այն ժամանակ, երբ նրան հարց է հղել ճապոնացի լրագրողը:













