Որդուս ծանուցագիր չեն ուղարկել, ցանկանում է ծառայել՝ բանակ չեն տանում, իսկ հիմա ազատազրկել են ծառայությունից խուսափելու համար. ազատամարտի վետերան (տեսանյութ)

18:25 • 11.02.17

Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Արթուր Շահվերդյանին զինծառայությունից խուսափելու համար դատապարտել են երկու տարի ազատազրկման, այնինչ նա հետախուզման մեջ չի եղել, զինծառայությունից չի խուսափել, ավելին, չնայած հիվանդությանը, գրավոր դիմում է ներկայացրել զինծառայության մեկնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Շահվերդյանի հայրը՝ ազատամարտի վետերան Ռուբեն Շահվերդյան:

«Իմ որդին 2013 թվականի հուլիսին մեկնել է ՌԴ, ինչից հետո էլ նոյեմբերին վերադարձել է Հայաստան, 2013-2014 թվականներին իմ որդին եղել է Հայաստանում, զինկոմիսարիատը ներկայացել է քննչական բաժին, որ իմ երեխան 2013-2014 թվականին չի եղել Հայաստանում, ինչի համար չեն կարողացել ծանուցագիր ուղարկել, սակայն իմ երեխան եղել է Հայաստանում, ինչը վկայում են անձնագրում առկա կնիքները: Դրա համար իմ որդու դեմ քրեական գործ են հարուցել ու դատապարտել ազատազրկման, երբ նա տունը նստած է»,-ասաց Շահվերդյանը:

Ռուբեն Շահվերդյանն ասաց, որ Եղեգնաձորի 8-րդ կայազորի քննչական բաժին, քննիչ Եղոյանը, ով իր գործն է քննում ասել է, որ որդին պետք է 24 օր պառկի հիվանդանոցում, սակայն նրան չեն հետազոտել։

«Մեզ ուղարկեցին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնտեղ էլ չհետազոտեցին, հետո ուղարկեցին Մուրացան 5, որտեղ կրկին չհետազոտեցին, չնայած «Գրիգոր Լուսավորիչում» բուժքույրն էր ասել, որ գլխավոր բժիշկն է զննելու տղայիս ոտքը: Մուրացանում էլ բժիշկ Սարգսյանը տղայիս ասաց,որ պարզի ձեռքերը, նայեց ու ասաց՝ ձեռքերիդ մեջ կոշտուկ կա, դու աշխատող տղա ես, հել գնա: Զանգեցի քննիչ Եղոյանին, ասում եմ՝ քննիչ, Դուք մեզ ձե՞ռ եք առնում, թե՞ խաղ եք անում: Քննիչն ինձ ասաց, որ վերաբերմունք ցույց կտաս, փորձաքննություն կանցկացնեն նորմալ, չես տա՝ կանցկացնեմ մակերեսորեն, ինչ ուզեմ կգրեմ, ում պիտի հավատան, ի՞նձ, թե՞ քեզ»:

Արթուր Շահվերդյանի հայրը պատմեց, որ համայնքի զինկոմի տեսուչ Գառնիկ Սարգսյանն էլ պատմել է, որ քննիչն իրեն գրել և ասել է, թե ինչ ցուցմունք պետք է տա.«Սկզբից ասաց, որ 70 000 դրամ աշխատավարձի համար նման բան չի անի, հետո ասաց, որ գործից կհանեն»:

Ռուբեն Շահվերդյանը հայտնեց, որ Վայոց ձորի առաջին ատյանի դատարանի վճռով որդին դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ կալանավայրում նյարդահոգեբույժի հսկողության տակ, դատարանի վճիռն անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանն անգամ վարույթ չի հարուցել.«Երբ Վճռաբեկի  որոշումը մեզ հասնի, այդ դեպքում էլ տղային կկալանավորեն, այն դեպքում, երբ ցանկանում է ծառայել: 2017 թվականի հունվարի 17-ին էլ որդին իր ձեռքով դիմում է գրել, որ չնայած այն հանգամանքն, որ իրեն մեղադրում են ծառայությունից խուսափելու մեջ, բայց ինքը ցանկանում է  ծառայել»:

Ռուբեն Շահվերդյանն ասաց, որ որդին ունի նևրոզ հիվանդություն, Արարատ քաղաքում բուժվում է, ինչի համար էլ Ռուսաստանում նրա ծառայությունը հետաձգվել է:

Ռուբեն Շահվերդյանն ու Վալյա Շահվերդյանը մեկ պահանջ ունեն՝ փոխել դատարանի վճիռը, և թույլ տալ, որ իրենց որդին ծառայի:

Մանրամասները տեսանյութում: