Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում. կան զոհեր (լուսանկարներ)
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո կղզում՝ վնասելով որոշ կառույցներ և դառնալով հոսանքազրկման պատճառ։ 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ երկրի պաշտոնյաներին հղումով։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Սուրիգաո քաղաքից մոտ 13 կմ դեպի արևելք, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ հավելելով, սակայն, որ երկրաշարժի պատճառով ցունամիի սպառնալիք չկա:
Ֆիլիպինների սեյսմիկ գործակալության ղեկավար Ռենատո Սոլիդումը հայտնել է, որ երկրաշարժը եղել է ամենաուժեղը 1879 թվականից ի վեր, երբ երկիրը ցնցվել էր 6.9 մագնիտուդ երկրաշարժից:
Ըստ նրա՝ մարդիկ շտապել են դեպի բաց տարածքներ և գիշերել զբոսայգիներում:
Ջրամատակարարումն ընդհատվել է, մի կամուրջ և մի հյուրանոց փլուզվել, որոշ տներ՝ վնասվել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Պաշտոնյաները փակել են Սուրիգաոյի օդանավակայանը, որտեղ թռիչքուղու վրա ճաքեր են հայտնաբերվել:
Նշենք, որ Ֆիլիպինները երկրաբանորեն բավական ակտիվ գոտում է գտնվում, որտեղ հաճախ են երկրաշարժեր լինում:










