Անգլիայի դպրոցներում կիբերանվտանգության դասեր կանցկացվեն

16:24 • 11.02.17

Անգլիացի դպրոցականներին կառաջարկվի այցելել կիբերանվտանգության դասեր։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ դասերի նպատակը աշակերտների մեջ հաքերային հարձակումներից պետության պաշտպանության համար պոտենցյալ փորձագետներ գտնելն է։ 

Երկրի կառավարությունը հայտարարել է, որ այդկերպ մտադիր է արդեն այժմ աշխատել ապագայում կիբերանվտանգության խնդիրների վրա:

Նախատեսվում է սկզբնական շրջանում ծրագրին մասնակցելու համար հրավիրել 14 տարեկանից բարձր մոտ 6000 դպրոցականի: Դասերը կլինեն շաբաթական չորս ժամ՝ սկսած այս տարվա սեպտեմբերից: Հինգ տարի տևողությամբ ծրագրին կտրամադրվի մոտ 25 միլիոն դոլար:

Հետագայում նախատեսվում է ամենահեռանկարային ուսանողներին տրամադրել համալսարանական դրամաշնորհներ և նրանց ապահովել այդ ոլորտում աշխատանքով:

Ինչպես նշում են բրիտանական կառավարությունում, հանցավոր նպատակներով կամ օտար պետությունների շահերից բխող ինտերնետային համակարգերի վրա հարձակումների վտանգը նույն շարքում է, ինչ ահաբեկչությունը, լրտեսությունը և զանգվածային ոչնչացման զենքերը: