ԱՄՆ-ն արտաքսել է երկրում ավելի քան 20 տարի բնակված Մեքսիկայի քաղաքացուհուն
Մեքսիկայի իշխանությունները կոչ են արել երկրի քաղաքացիներին զգուշություն դրսևորել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արտաքսել է Մեքսիկայի քաղաքացուհուն, որը Միացյալ Նահանգներում է բնակվել ավելի քան 20 տարի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մեքսիկայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գվադելուպե Գարսիա Ռեյոսի արտաքսումն ԱՄՆ-ում ներգաղթյալների համար «նոր իրականության» նկարագրությունն է։
«Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում բնակվող բոլոր մեքսիկացիներին խորհուրդ է տրվել նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել և կապի մեջ գտնվել դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ստանան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
36-ամյա Գվադելուպե Գարսիա դե Ռեյոսը ձերբակալվել է այս շաբաթ, երբ գնացել է միգրացիոն և մաքսային հսկողության քաղաքային ծառայություն։ Մեքսիկուհին ԱՄՆ է տեղափոխվել դեռահաս տարիքում։ Նրա երկու երեխաներն ԱՄՆ-ում են ծնվել և ունեն ԱՄՆ քաղաքացիություն։
Մեքսիկուհու արտաքսումը երկրից տեղի է ունեցել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունից հետո, որը ներգաղթային ծառայություններին թույլ է տալիս ընդլայնել ապօրինի ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը, որոնք որևէ օրենք են խախտել կամ հանցագործություն են կատարել երկրի տարածքում։










