Ի դեմս Լուկաշենկոյի Ալիևը գտել է լավ դաշնակցի, որպեսզի արգելափակի ՀԱՊԿ-ի աշխատանքը. Վիկտոր Կոնոպլյով
Արցախ այցելած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը Լուկաշենկոյի կողմից սադրանք էր՝ ուղղված Ռուսաստանին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական գործիչ, քաղաքական մեկնաբան Վիկտոր Կոնոպլյովը:
«Լուկաշենկոն, ով փնտրում է առիթ, որպեսզի վատություն անի Ռուսաստանին, գտել է նույնպիսի ձախողակի, ինչպիսին Ալիևն է, ով այդպես էլ չի կարողանում հորինել, թե ինչպես վրեժխնդիր լինել Ռուսաստանից Լավրովի հայտարարության համար, թե ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Եվ ահա նրանք (նկատի ունի Լուկաշենկոյին և Ալիևին - խմբ.) համատեղ հորինեցին այս մանր կեղտոտությունը»,- նշեց Վիկտոր Կոնոպլյովը:
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Ռուսաստանի համար տեղի ունեցածը «մոծակի խայթոցի» պես է, բայց դրանից անպայման եզրահանգումներ կարվեն:
«Անշուշտ, անվտանգ չէ հիմա Մինսկ մեկնելը, եթե Արցախում ես եղել: Իսկ նման մարդիկ բավական շատ են ու ապագայում ավելի շատ կլինեն: Մինսկն իրենից մարդկանց վանեց, իսկ Արցախի համար ահա կատարվածն անվճար գովազդ էր»,- շեշտեց Կոնոպլյովը:
Քաղաքական մեկնաբանը նաև նշեց, որ Բելառուսի նախաձեռնած քայլերը Հայաստանի նկատմամբ, դա կլինի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնում ազգությամբ հայի նշանակման խոչընդոտելը, թե տրագիկոմեդիկ իրավիճակը Լապշինի հետ, Լուկաշենկոն ի ցույց է դնում, որ չի աջակցի Հայաստանին Ադրբեջանի հետ սրված իրավիճակներում:
«Ալիևն ի դեմս Բելառուսի նախագահի գտել է լավ դաշնակցի, որպեսզի արգելափակի ՀԱՊԿ-ի աշխատանքը: Ես չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունենա ինչ-որ միջադեպ: ՀԱՊԿ-ը չի օգնի Հայաստանին, եթե, իհարկե, Ռուսաստանը ցույց չտա իր սկզբունքայնությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմքում»,- ավելացրեց Վիկտոր Կոնոպլյովը:










