Իրանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Արևմուտքը ներգրավվի այս տարածաշրջանի հիմնախնդիրներում. Նարեկ Մինասյան

21:26 • 11.02.17

Իրանը մշտապես կողմ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, քանի որ հարևանությամբ գտնվող հակամարտությունը նաև մարտահրավերներ է պարունակում իր համար․և պատահական   չէ, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է իր՝ Մոսկվա այցի ժամանակ ՌԴ նախագահի հետ քննարկել հիմնախնդիրը: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը:

«Միջուկային գործարքից հետո Իրանը ցանկանում է վերականգնել և ամրապնդել իր ազդեցությունը այս տարածաշրջանում՝ այդպես բարձրացնելով իր դերակատարումը տարբեր հիմնախնդիրների կարգավորման գործընթացում», -նկատեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանի և Իրանի շահերը ղարաբաղյան հակամարտության հարցում ինչ-որ առումով, ոչ սկզբունքների, այլ արտաքին ուժերը հիմնախնդրում չներգրավելու ցանկությամբ, համընկնում են:

Փորձագետի խոսքով՝ նույն Իրանը, նաև Ռուսաստանը չեն ցանկանում, որ Արևմուտքը ներգրավվի  իրենց տարածաշրջանի հիմնախնդիրներում: «Բայց դա չի ենթադրում, որ նրանք պատրաստ են նախաձեռնողականությունը փոխանցել մեկը մյուսին,- նկատեց նա՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին սեփական և տարբեր տեսլականները,- ինչ մոտեցումներ էլ ունենան, դրանք պետք է հիմնված լինեն նախևառաջ սեփական շահերի վրա: Առավել լայն՝ Իրանի շահերից է բխում, որ Իրանի հիմնախնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով»:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ ամեն դեպքում, ԼՂ հիմնախնդիրը քննարկելիս հաշվի կառնվեն հակամարտող երկրների ցանկությունները, իսկ թե արդյո՞ք առաջարկությունները կընդունվեն հակամարտող երկրների կողմից, արդեն երկրորդական հարց է, և դրա մասին կարելի է խոսել, երբ կոնկրետ առաջարկները հայտնի լինեն:

Փորձագետը Իրանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չկապեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման հետ: Նորից շեշտեց՝ Իրանը առավելապես մտահոգված է, թե ինչ է կատարվում իր հարևանությամբ, և իր շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի:

«Ես չեմ կարծում, որ դրանք կապված են իրար հետ, քանի որ Իրանը նախկինում էլ նախաձեռնողականություն է դրսևորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր սեփական նպաստը բերելու հարցում»,- ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ է նպաստավոր Հայաստանի և Արցախի համար այն, որ հիմնախնդիրը քննարկվում է գերտերությունների կողմից, առանց նրանց մասնակցության, փորձագետը պատասխանեց․ «Երկրները կարող են ինքնուրույն, առանց խոչընդոտների քննարկել նման հարցեր, ոչ ոք չի կարող քննադատել դա: Արդեն քննարկումներից բխած առաջարկությունները կընդունենք, թե չենք ընդունի, մեր գործն է, մեր իրավունքն է»:

Դիտարկմանն ի պատասխան, թե Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ներգրավված են նաև սիրիական կոնֆլիկտի քննարկումներում, հնարավո՞ր է, Լեռնային Ղարաբաղի դեպքում էլ նույն պլատֆորմը գործի, և Հայաստանը մեկուսանա, Նարեկ Մինասյանը մնաց նույն կարծիքին․«Նույն սիրիական օրինակը ցույց տվեց, որ ցանկացած առաջարկություն, անգամ Աստանայում արվածները, հաջող չեն կարող լինել: Դա գործընթաց է, որին կարող են տարբեր երկրներ մասնակցել և կարծիքներ փոխանակել: Արդեն մեր խնդիրն է, կհամաձայնե՞նք դրանց հետ, թե՝ ոչ»: