Սնոուդենը մեկնաբանել է իրեն ԱՄՆ արտահանձնելու մասին լուրը
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ իր հնարավոր արտահանձնման մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններն «անվիճելի ապացույց» է անվանել առ այն, որ ինքը երբևէ չի աշխատել ռուսական հետախուզության համար:
«Վերջապես: Անվիճելի վկայություն, որ ես երբեք չեմ համագործակցել ռուսական հետախուզության հետ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սնոուդենը: Ըստ նրա՝ «ոչ մի երկիր չի վաճառում իր հետախույզներին, քանի որ մնացածը կարող են վախենալ, որ իրենք կլինեն հաջորդը»:
Ինչպես արդեն հաղորդել էր NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրներին, Ռուսաստանը, հաշվի առնելով Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելու հնարավորությունը, որոշել է նրան որպես «նվեր» հանձնել նախագահ Դոնալդ Թրամփին: Միևնույն ժամանակ, սակայն, Սնոուդենի փաստաբաններից Բեն Ուիզները հայտնել է, որ տեղյակ չէ նման պլանների մասին:
Ավելի վաղ, ԿՀՎ պետի նախկին տեղակալ Մայքլ Մորելը ևս նշել էր, որ Մոսկվան կարող է «նվեր» անել Սնոուդենին ԱՄՆ-ին: Նա պնդում է, որ Սնոուդենի արտահանձնումը զգալի օգուտներ կբերի Ռուսաստանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է լավ փոխհարաբերություններ ստեղծել Թրամփի հետ, ինչպես նաև «վատություն անել» պաշտոնից հեռացած նախկին նախագահ Բարաք Օբամային:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը BBC-ին վերջերս տված հարցազրույցում նշել է, որ Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելու հարցը կարող են լուծել ռուսական միգրացիոն իշխանություններն ու անձամբ նախագահ Պուտինը:
Սնոուդենը 2013 թվականի հունիսին The Washington Post-ին և The Guardian-ին մի շարք գաղտնի նյութեր էր տրամադրել ամերիկյան լրտեսական ծրագրերի և հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ: Նա սկզբում մեկնել է Հոնկոնգ, իսկ այնտեղից Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ անցկացրել է Մոսկվայի օդանավակայանի տարանցիկ գոտում: Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել մեկ տարի ժամկետով` պայմանով, որ նա կդադարեցնի Միացյալ Նահանգների դեմ իր գործունեությունը: 2014 թվականի օգոստոսին Սնոուդենը ստացել է երեք տարվա բնակության թույլտվություն, որը թույլ է տալիս նրան ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլև արտերկրում:










