Թրամփը կստուգի իր խորհրդականի՝ ռուս դեսպանի հետ ունեցած խոսակցությունների մասին հաղորդագրությունները

12:36 • 11.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, որ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինն ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների թեման: Այս մասին նա հայտարարել է ուրբաթ՝ փետրվարի 10-ին, հաղորդում է Associated Press-ը:


Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ նախագահ Թրամփը «լիովին վստահում է Ֆլինին»:


The Washington Post-ը փետրվարի 9-ին գրել էր, որ դեռ 2016թ.-ի դեկտեմբերին Ֆլինը Կիսլյակի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների թեման: Թրամփի խորհրդականը փորձել է համոզել Ռուսաստանին «չափը չանցնել» պատասխան պատժամիջոցների առումով: Նա հասկացրել է Կիսլյակին, որ Թրամփի երդմնակալությունից հետո Մոսկվան և Վաշինգտոնը կվերանայեն բոլոր սահմանափակումները:


Հունվարի 25-ին NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ռուս դեսպանի և Թրամփի խորհրդականի խոսակցությունը գաղտնալսել է, սակայն «ոչ մի անպատշաճ» բան չի հայտնաբերել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ տեղեկությունը բնավ չի զարմացրել Մոսկվային:


Ավելի վաղ հունվարին հայտնում էին, որ Ֆլինն ու Կիսլյակը դեկտեմբերի 29-ին հինգ անգամ շփվել են հեռախոսով, երբ Օբամայի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։ Այդ ժամանակ ԱՄՆ իշխանությունները 72 ժամվա ընթացքում 35 ռուս դիվանագետի հետ ուղարկելու որոշում էին ընդունել: Սպիտակ տունը պնդում էր, որ նման միջոցառումները «պատասխանն են Մոսկվայում ՌԴ իշխանությունների կողմից ամերիկյան դիվանագետների հանդեպ ճնշումների»:


Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Մոսկվային Միացյալ Նահանգների ընտրական գործընթացին միջամտելու համար, Կրեմլը հետևողականորեն հերքում է այդ մեղադրանքները: