«Ժառանգությունն» ասելիք ունի, բոլորն էլ իմ մտերիմներն են ու ուզում եմ, որ շուտ լեզու գտնեն. Ռուբիկ Հակոբյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում կոռեկտ չհամարեց գնահատական տալ «Ժառանգությունում» ստեղծված ներկա իրավիճակին, սակայն նշեց, որ կցանկանար՝ ներսի խմորումներն արագ լուծվեն:
«Ուղղակի կցանկանամ, որ ներսի խմորումներն արագ լուծվեն, այս կուսակցությունն ասելիք ունի, բոլորն էլ իմ մտերիմներն են ու ուզում եմ, որ շուտ լեզու գտնեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» դեռ չի կողմնորոշվել, թե որ դաշինքի հետ է մասնակցելու ընտրություններին:
Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ առաջիկա ընտրություններին և պատասխանելով հարցին, թե արդյոք որակապես նոր Ազգային ժողովը կունենա՞նք, թե՞ խոստացված սերնդափոխություն ասելով նկատի ունեին գործարարների որդիներին, փեսաներին, ասաց. «Շատ է դրա վրա ուշադրություն դարձվում, ես այս կերպ եմ մոտենում հարցին: Ինձ համար կարևոր է մարդու բովանդակությունը, մարդու որակը: Իհարկե, նրանք, ովքեր գալիս են որպես մամայի, պապայի երեխեք, որոնց միակ կարգավիճակը, միակ ստատուսը հասարակության մեջ այն է, որ փողատիրոջ երեխաներ են, որովհետև իրանց պապան լավ պապա է, բնականաբար, նրանք անելիք չունեն խորհրդարանում»:
Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ ոչ բոլորին պետք է «նույն արշինով չափել»:
«Որովհետև ես գիտեմ, որ տղաներ կան, ովքեր լուրջ կրթություն են ստացել, գուցե ինչ-որ տեղ իրենց ծնողների փողի հայթայթելու ձևը կարող է միանշանակ չընդունվի, բայց կան ընտանիքներ, որոնց երեխաները լուրջ կրթություն են ստացել, լուրջ, խելացի մարդիկ են, և այսպես համահարթեցման ձևով չդնենք, յուրաքանչյուրին իր գնահատականը պետք է տալ»,-հավելեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ այլ հարց է, որ երբ խոսում են սերնդափոխության մասին, և համեմատաբար մեծահասակին փոխարինելու է գալիս տարիքով երիտասարդը, սակայն վերջինս էլ չունի խորհրդարանում հայտնվելու պոտենցիալ ու իրավունք: «Սերնդափոխություն ենք ասում, բայց չպիտի ինքը մտնի լայքելով, դառնա ոչ թե լայք նրանց, ովքեր իրեն բերում են, այլ գա նոր մտածողությամբ, ունակ լինի ոչ ասելու իր ղեկավարին, եթե գտնում է, որ ոչ պիտի ասի: Այսինքն՝ բովանդակային սերնդափոխություն պիտի լինի, որովհետև այսօր երիտասարդներ կան քաղաքականության մեջ, որ ասում եմ՝ ավելի լավ է՝ քո այստեղ բերողը մնա քաղաքականության մեջ, մի քանի տարով մեծ, քան դու, քանի որ դու ասելիք չունես, միայն փողկապն ու վերնաշապիկն են ավելի լավ փաթեթավորված»,- նշեց նա:










