Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը. Մայր Աթոռում կատարվեց նախատոնակը (լուսանկարներ)

22:31 • 13.02.17

 

 Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը։

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Բերկրառատ տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Տերունի օրվա կապակցությամբ, ուղեկցությամբ հոգևորականների թափորի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իջել է Մայր Տաճար, ուր կատարվել է Երեկոյան ժամերգություն:

Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Նորին Սրբության, տեղի է ունեցել նախատոնակ, ապա նաև` տարվա առաջին Անդաստանը, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի երգակցության ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառված մոմով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսապարգև լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին:

Նախատոնակից հետո հանդիսավոր թափորն ուղղվել է դեպի միաբանական շենքի շրջաբակ, ուր, ներկայությամբ բազում հավատավոր հայորդիների, ձեռամբ Ամենայն Հայոց Հովվապետի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Խարույկի շուրջ Մայր Աթոռի միաբանները և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես են եկել հոգևոր և ազգային երգերի կատարումներով:  

Վերջում Նորին Սրբությունն օրհնել է ներկա բարեպաշտ ժողովրդին և տոնի առիթով փոխանցել իր բարեմաղթանքները: