Նոյակերտում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ հավաքել է գործող համայնքապետը
Արարատի մարզի Նոյակերտ համայնքում փետրվարի 12-ին անցկացվել են համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Պայքարն ընթանում էր երկու թեկնածուների՝ գործող համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանի և անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջև:
Ընտրելու իրավունք ունեցող 1529 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 747-ը, որոնցից գործող համայնքապետի օգտին են քվեարկել 691-ը, իսկ Էդուարդ Սարգսյանի օգտին՝ 52 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել չորս քվեաթերթիկ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում 13/1 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարիետա Խաչատրյանն ասել է, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում՝ առանց որևէ միջադեպի: «Չենք ստացել նաև ոչ մի դիմում-բողոք»,- ընդգծել է Խաչատրյանը:
Հովհաննես Հարությունյանը Նոյակերտի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին:










