Պավլիկ Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչը թողեց նույնը. փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպանների բողոքը և անփոփոխ թողել կալանավորման ժամկետը երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
«Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ մնաց, Պավլիկ Մանուկյանն էլ չմասնակցեց նիստին ասելով, որ արդարադատությունն էլ է անազատության մեջ»,-ասաց պաշտպանը:
Հարցին, թե Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելո՞ւ են, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ դեռ դատարանի հիմնավորումը չի ստացել, բայց հավանաբար կդիմեն:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը կալանավորվել է 2016 թվականի հուլիսի 31-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով՝ շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Պավլիկ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը, 185-րդ հոդվածը՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:










