Շվեյցարացիները կողմ են քվեարկել ներգաղթյալների թոռներին քաղաքացիություն տրամադրելու հեշտացված ընթացակարգին
Շվեյցարիայում փետրվարի 12-ին անցկացված հանրաքվեի ընթացքում երկրի բնակիչները հավանության են արժանացրել ներգաղթյալների երրորդ սերնդի ներկայացուցիչների կողմից քաղաքացիություն ստանալու հեշտացված ընթացակարգը, հայտնում է The Guardian-ը:
Ավելի վաղ հեշտացված ընթացակարգով շվեյցարական քաղաքացիություն կարող էին ստանալ միայն ավելի քան վեց տարի Շվեյցարիայի քաղաքացիների հետ ամուսնության մեջ գտնվող օտարերկրացիները: Սահմանադրության մեջ ներգաղթյալների թոռների կողմից քաղաքացիություն ստանալու հեշտացված ընթացակարգը նախատեսող փոփոխության օգտին քվեարկել է 60,4 տոկոսը: Դեմ է հանդես եկել երկրի բնակիչների 39,6 տոկոսը:
Հաղորդվում է, որ քաղաքացիություն ստանալու համար ներգաղթյալների թոռները պետք է ապացուցեն, որ ծնվել են այդ երկրում, առնվազն հինգ տարի գնացել են դպրոց, կիսել են շվեյցարական մշակութային արժեքները, խոսում են ազգային լեզվով և կախված չեն պետական օգնությունից:










