«Կեցցե՛ Մեքսիկան, ո՛չ Թրամփին». Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Թրամփի դեմ
Տասնյակ հազարավոր մարդիկ Մեքսիկայում դուրս են եկել փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Իշխանությունների տվյալների համաձայն՝ ամենամարդաշատ ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաք Մեխիկոյում և Գվադալախարա քաղաքում, որտեղ ցույցերին մասնակցել են համապատասխանաբար 20.000 և 10.000 մարդ:
«Կեցցե՛ Մեքսիկան, ո՛չ Թրամփին». վանկարկել են ցուցարարները Մեխիկոյի կենտրոնական պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցին, որին մասնակցել է նաև Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի ռեկտոր Էնրիկե Գրաուեն:
Ի դեպ, վերջին 49 տարվա ընթացքում լատինամերիկյան ամենախոշոր այս համալսարանի ղեկավարությունն առաջին անգամ է դուրս եկել բողոքի ցույցի:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ հունվարի 25-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել` կարգադրելով Ներքին անվտանգության վարչությանը պատ կառուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին:
ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ թեև ամերիկացի հարկատուները վճարելու են կառուցման աշխատանքների նախնական արժեքը, Մեքսիկան «նրանց հետագայում կփոխհատուցի»:










