Արցախյան համակարտության լուծումը նախևառաջ կախված է հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքից. Ֆրանսիայի դեսպան

13:00 • 14.02.17

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանք չեն խնայում, որպեսզի Արցախյան հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում նորից ստեղծեն երկխոսության հիմքեր. այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Երեք համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից և ոչ մեկի համար, որովհետև կան երկուստեք զոհեր և ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլև մինչև այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլևս շարունակվել»,-ընդգծեց դեսպանը:

Նրա դիտարկմամբ՝ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ է իրագործել տարբեր մակարդակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակում  ձեռք բերված պայմանավորվածությունները և հանձնառությունները:

«Պահը  հասունանալուն պես Ֆրանսիան պատրաստակամություն է ցուցաբերում աջակցելու և  հյուրընկալելու նմանատիպ հանդիպումներ, ինչպես այդ մասին վերջերս իր խոսքում նշեց նախագահ Ֆրանսուա Օլանդը: Եվ, ի վերջո, այս ամենի  համատեքստում կարևոր է ևս մեկ հանգամանք գիտակցել, որ հակամարտության լուծումը միջնորդներից չէ, որ կախված է. այն պայմանավորված է հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքով»,- եզրափակեց Ֆրանսիայի դեսպանը:

Tert.am-ի դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահը հայ համայնքի կազմակերպած ընթրիքի ժամանակ ասել է, որ գուցե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կճանաչվի, եթե իրագործվեն Մադրիդյան սկզբունքները, հնարավո՞ր է, որ պաշտոնական Փարիզը ցանկանում է, որ կողմերը բանակցեն Մադրիդյան սկզբունքների շուրջ, դեսպանը պատասխանեց՝. «Դա միայն հիմք է, որի շուրջ կարող են ընթանալ բանակցությունները»: