Արայիկ Խանդոյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է. Խանդոյանը կմնա կալանքի տակ

16:07 • 14.02.17

Վերաքննիչ քրեական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի որոշումը փետրվարի 13-ին թողել է օրինական ուժի մեջ։ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կմնա կալանքի տակ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, Արայիկ Խանդոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Կալանքը երկարացնելու միջնորդության մեջ ներկայացվել են ստանդարտ ձևակերպումներ, թե Արայիկ Խանդոյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ դատական նիստին մասնակցել է նաև Արայիկ Խանդոյանը:

Նշենք, որ պաշտպանները բողոք էին ներկայացրել հունվարի 27-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, որը բավարարել էր նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը և երկարացրել Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ 1-ին և 2-րդ կետերով ՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը։