Աթեշյանը մեկնաբանել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից իրեն հասցեագրված աղմկահարույց մեղադրանքները

18:15 • 14.02.17

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը մեկնաբանել է եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից իրեն հասցեագրված աղմկահարույց մեղադրանքներն ու Մաշալյանի հրաժարականը:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակ»-ը՝ Աթեշյանը նշել է, որ ցավ է ապրում Մաշալյանի կայացրած որոշման համար և հավելել. «Մենք հոգևոր եղբայրներ ենք»:

Աթեշյանն իր հերթին շտապել է մեղադրել Մաշալյանին, նշելով, որ վերջինս նախօրեին կայացած եկեղեցական ժողովին անակնկալի բերեց բոլորին. ներկայացրեց հրաժարականն ու լքեց խորհուրդն առանց ժողովի ավարտին սպասելու:

Ըստ Աթեշյանի՝ «եղբայրների միջև և եկեղեցական խորհրդի ներսում տարաձայնություններ լինել կարող են»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ նախօրեին Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին: Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը:

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու և պատրիարքի նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին:

Մաշալյանը նշել է, որ հենց Աթեշյանի մեղքով է, որ նախընտրական գործընթացը ձգվում է ամիսներ շարունակ և հայտնվել է փակուղում՝ մի գործընթաց, որը կանոնակարգի համաձայն գործելու դեպքում առավելագույնը մի քանի շաբաթում պետք է ավարտին հասցվեր:

Վերջինս նաև ընդգծել է, որ 1717 տարեկան հայկական եկեղեցու պատմության մեջ չի հանդիպել մեկ այլ դեպք, երբ պատրիարքի աթոռը դատարկ մնա 9 տարի շարունակ: Մաշալյանն այլևս բացեիբաց հայտարարում է, որ փոխպատրիարքի աթոռին Աթեշյանը շարունակում է մնալ «մանիպուլյացիայի, սպառնալիքների և փոխպատրիարքի իրավասությունները սեփական շահերին ծառայեցնելու միջոցով»:

Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: