Շների որս իրականացնող որսորդի մանրագնդակը դիպել է Ազատանի դպրոցի տնօրենի ճակատին. համայնքապետ

15:21 • 14.02.17

Շիրակի մարզի Ազատան համայնքում շների որս իրականացնող որսորդի մանրագնդակը (կոտորակ) անդրադարձել և դիպել է դպրոցի տնօրենի ճակատին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:

«Մեր համայնքում շների որս է իրականացվում: Դպրոցի տարածքում թափառող շներ կան, որոնք վտանգավոր են երեխաների համար, տնօրենն էլ որսորդ է հրավիրել, որպեսզի կրակի շներին: Մինչև դասերի սկսվելը որսորդը եկել է, ում կրակած գնդակներից մեկը դիպել է աղբարկղի երկաթին, հակադարձ անդրադարձ է տեղի ունեցել և գնդակը դիպել է տնօրեն Համլետ Ոսկանյանի ճակատային մասին:  Տնօրենի ճակատին քերծվածք է առաջացրել, վտանգավոր բան չկա»,-ասաց համայնքապետը:

Դպրոցի տնօրենի առողջական վիճակի վերաբերյալ համայնքապետն ասաց, որ տնօրենին տեղափոխել են հիվանդանոց, նա հրաժարվել է հիվանդանոցում մնալուց, նրա նկատմամբ բժշկական օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո Համլետ Ոսկանյանը վերադարձել է տուն:

Հարցին, թե պրոֆեսիոնա՞լ որսորդ է եղել հրավիրված անձը, գյուղապետն ասաց, որ գրանցված որսորդ է: