Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության մեջ ներգրավված անձինք կարող են ընդհանուր ավելի քան 3.000 տարվա ազատազրկում ստանալ
2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը ներգրավվածության համար մեղադրվող անձինք կարող են ընդհանուր ավելի քան 3.300 տարվա ազատազրկում ստանալ: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նման դատավճիռներ է պահանջում դատախազությունը, որն ավարտել է մեղադրական եզրակացության նախապատրաստումը:
Գործով անցնում է 45 մարդ, որից 41-ը քննության ընթացքում կալանքի տակ է եղել: Մեղադրական եզրակացությունը բաղկացած է 257 էջից: Մեղադրյալների մեծ մասի համար իշխանությունները պահանջում են 46-ական ցմահ ազատազրկում հատուկ ռեժիմի կալանավայրերում: Նրանք մեղադրվում են «սահմանադրական կարգը տապալելու փորձի», «կանխամտածված սպանության», «ահաբեկչական կազմակերպության ստեղծման և անդամակցության», ինչպես նաև մասնավոր և պետական սեփականությանը վնաս հասցնելու համար:
Թուրքիայի քրեական օրենսգրքով՝ բոլոր այդ հանցագործությունների համար դատավճիռների ժամկետը կարող է կազմել 2132-ից 3342 տարվա ազատազրկում:
2016 թվականի հունիսի 28-ին ինքնաձիգներով, նռնակներով և պայթուցիկներով զինված ահաբեկիչները մոտեցել են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանին և կրակ բացել ուղևորների և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Միաժամանակ օդանավակայանի կայանատեղիում պայթյուն է հնչել: Հարձակվողներից մեկը կարողացել է ներխուժել տերմինալ և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, այդ թվում՝ 19 օտարերկրացի, 239 մարդ վիրավորվել է: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչությանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներգրավվածության մասին:










