Կալինինգրադի մարզում աճուրդի կհանվի 700-ամյա ամրոցը

23:44 • 14.02.17

Կալինինգրադի մարզի ղեկավարությունը կզբաղվի մշակութային ժառանգության մի շարք օբյեկտների սեփականաշնորհմամբ, որոնց թվում է Բագրատիոնովսկ քաղաքում գտնվող Պրեյսիշ Էյլաու ամրոցը:

Lenta.ru-ն գրում է, որ ամրոցն աճուրդի կհանվի վերանորոգման և վերականգնման աշխատանքներից հետո: 2014 թվականին բռնկված հրդեհից հետո ամրոցը գտնվում է վթարային վիճակում, ինչի պատճառով Կալինինգրադի մարզի դատախազությունն աճուրդով զբաղվող գործակալությունից պահանջել է վերանորոգել Պրեյսիշ Էյլաուն:

Նշվում է, որ Պրեյսիշ Էյլաուն կառուցվել է 1330 թվականին: Վերջերս ամրոցն ակտիվորեն շահագործվել է. այնտեղ ապրել են մարդիկ, և այն նաև օգտագործվել է որպես պահեստ: 1990-ական թվականների սկզբին կայացվել է ամրոցը հյուրանոցի վերածելու որոշում, սակայն նախագիծը չի իրականացվել: