Ադրբեջանից բլոգեր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր դեռ հնարավոր չէ. փաստաբան

11:59 • 14.02.17

Բաքվում գտնվող Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր այս փուլում հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Սաֆար Հուսեյնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: Քննության ավարտին նա պետք է կանգնի դատարանի առաջ: Դատավճռի կայացումից հետո կարող է դիտարկվել երկրներից մեկին, որի քաղաքացի նա չի հանդիսանում, նրա փոխանցման հարցը: Մինչև դատարանի վճռի կայացումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկիր»,- ասել է Հուսեյնովն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում:


Փաստաբանի խոսքով՝ Լապշինի ընտանիքի անդամները դեռ չեն դիմել իրեն բլոգերի հետ հանդիպման խնդրանքով: «Նրա ընտանիքը պետք է դիմի դեսպանատուն նրա հետ հանդիպման համար, ինչից հետո ընտանիքի անդամները դեսպանատան միջոցով կարող են դիմել ինձ»,- ասել է նա:


Ալեքսանդր Լապշինը փետրվարի 7-ին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու: 


Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:


Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:


Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:


Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։