Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Կանադայի վարչապետի առաջին հանդիպումը (լուսանկարներ)

08:48 • 14.02.17

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ժամանել է Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու համար:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, ԱՄՆ ղեկավարի հետ առաջին հանդիպման կապակցությամբ Տրյուդոն նրան է նվիրել տարիներ առաջ արված լուսանկար, որում պատկերված են Թրամփն ու Տրյուդոյի հանգուցյալ հայրը՝ Կանադայի 15-րդ վարչապետ Պիեռ Տրյուդոն:


Վերցնելով նվերը՝ Թրամփը խոստացել է այն առանձնահատուկ վայրում դնել: Նա նաև հավելել է, որ մեծ հարգանքով էր վերաբերվում Տրյուդոյի հորը:


Ինչ վերաբերում է հանդիպման քաղաքական կողմին, ապա Թրամփը նկատել է, որ ԱՄՆ բախտը բերել է Կանադայի նման հարևան ունենալու հարցում: Նա նաև բարձր է գնահատել այդ երկրի ներդրումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Միացյալ Նահանգների ղեկավարը Տրյուդոյին վստահեցրել է, որ պատրաստ է համագործակցել Կանադայի հետ՝ հանուն 2 պետությունների ընդհանուր շահերի:


Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան: